Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

19.02.2012

ՅՈԹԱՆԱՍՆԱՄՅԱԿԻՍ

 

Արդեն յոթ տասնյակ գարուն ապրեցի,

Նույնքան էլ ամառ, աշուն ու ձմեռ,

Կարծես  երեկ էր, որ ոտաբոբիկ

Ընկերներիս հետ խաղում էի դեռ։

Ու տարիները  գալիս են շարվում,

Ճանապարն ընկած իմ քարավանում`

Իրար հետ կապված տարվա օղակով,

Տանում են դանդաղ իմ կյանքի ճամփով։

Ճամփան սկզբում վեր էր բարձրանում,

Սարեր ու ձորեր կտրած անցնելով,

Ես ոգևորված, հզոր թևերով,

Սավառնում էի` կարծես երկնքում։

Հետո սկսեց իջնել դեպի ցած

Մի ճանապարհով, լույսերը մարած,

Ու քանի գնում, նույնքան խորանում,

Կարծես ետ գալու հնար չի մնում։

Եվ ես անվստահ հույսերիս գրկում,

Հարցնում եմ կյանքին, թե ուր են տանում,

Նրա փոխարեն վստահ ու դաժան

Մահն է հայտնվում, ինձ պատասխանում.

-Ամեն սկիզբ իր վերջն է ունենում...

 

 

 

ՄԱՅՐԻԿԻՍ

 

Ես չեմ հավատում, որ չկաս էլ դու,

Որ իմ տուն գալուց` էլ չես ժպտալու,

Արցունքն աչքերիդ շշնջաս հուզված.

-Մատա՜ղ լինեմ քեզ,- ու սեղմես կրծքիդ։

 

Այնքա՜ն եմ կարոտ մայրական սիրուդ,

Ծով արցունք թափած, թախծոտ աչքերիդ,

Որ ինձ թվում է, ուր որ է` կգաս,

Աստծո կամքով տուն կվերադառնաս։

 

Քեզ կփնտրեմ ես, թեկուզ երկնքում,

Մայրական ծոցիդ բույրով կգտնեմ

Ու կհամբուրեմ ճակատը քո հեզ,

Թեկուզ չընդունես, մատա¯ղ լինեմ քեզ։

 

ԱՌԱՆՑ ԻՆՁ

 

Ինչպե՞ս եղավ, որ գնացին

Ու ապրում են առանց ինձ,

Այլալեզու օտար հողը

Քաշեց տարավ մայր հողից։

 

Ու կարոտը հայրենիքի`

Սրտերի մեջ անթեղած,

Պիտի ապրեն թոռնիկներս

Մայրենիից կտրված։

 

Զավակներս հուշ կդառնան

Իմ արցունքոտ խոհերում,

Կգա՞ն, արդյոք, մեկ էլ տեսնեմ

Հայրենի սուրբ օջախում։

 

Վերջին անգամ մխիթարվեմ,

Դառնամ պապիս բախտակից,

Հոգիս դեպի երկինք թռչի,

Ու մնամ ես առանց ինձ։

 

ԻՄ ԿԱՐԻՔԸ ՄՈՌԱՑԱ

 

Ուրիշներին ես օգնեցի, իմ կարիքը մոռացա,

Շատ-շատերին ճամփա տվի`

սակայն իմը մոռացա,

Ի՞նչ մեղք ունեմ, որ բոլորին

ես հավասար սիրեցի,

Ով ինձ խաբեց ու ափսոսաց`

նրա դավը մոռացա։

 

 

Քո սերը ինձ թույն դարձավ,

Վերքս հազիվ թե բուժվի,

Քանզի տո՛ւնս դու քանդեցիր`

Կնոջն էլ չեմ հավատա,

Կին-բարեկամ` ինձ վշտերի ծով դարձան,

Ես կույր էի` կին-կավատի զոհ դարձա։

 

ԲԱԽՏՍ

 

Գլխիս վերև բախտս կախված`

Դամոկլյան սրի պես,

Կյանքիս ուղին փոխել կուզե,

Հունը փոխած գետի պես։

 

Թեկուզ շատ բան փոխվեց կյանքում,

Բախտս մնաց միշտ ինձ հետ,

Եվ կմնա մինչև մահս,

Ու կհոսի գետի հետ։

 

 

ՀԱՅՐԱԿԱՆ ՕՋԱԽ

 

Հայրական օջախ, իմ սուրբ օթևան,

Կարոտի, հույսի, սիրո օրորան,

Թեկուզ հեռացել` օտար եմ դարձել,

Ուր էլ գնացել` քեզ չեմ մոռացել։

 

Որքա՜ն հիշարժան օրեր ես տեսել`

Քո սերունդների սիրով ողողված,

Իսկ հիմա լքված մի հուշ ես դարձել`

Շատերիս կողմից վաղուց մոռացված։

 

Հոգնած ոտքերս քարշ տալով կգամ`

Քանդվող պատերիդ դառնամ ցավակից,

Դարդերս պատմեմ ու հանգստանամ,

Օջախիդ փարված մահս գտնի ինձ։

 

ԱՐՑԱԽ

 

Ես միշտ օրհնում եմ քո լուսաբացը,

Այն ամեն անգամ նոր ուժ է տալիս,

Երբ որ լսում եմ ես քո օրհներգը`

Կարծես մուրազս իմ գիրկն է գալիս։

 

Քո հովանու տակ մեծացել ենք մենք,

Բաժանվելիս` միշտ կարոտել ենք քեզ,

Չքնաղ հայրենիք, դու մեր միակն ես,

Մեր արյան գնով պաշտպանել ենք քեզ։

 

Վայրագ ցեղերն են քեզ միշտ հալածել,

Մեր վաստակածը իրենք վայելել,

Իմ Արցախ աշխարհ, քո հերոսներով,

Գիտենք, ապագադ կարող ես կերտել…

 

ՍԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ

 

Սեր երազանքի, քեզ ո՞ւր փնտրեմ ես,

Իմ ապրած բոլոր տարիների մե՞ջ,

Որ ամեն անգամ ուրվականի պես

Հայտնվում ես անքուն գիշերներիս մեջ...

 

Թե՞ անհայտ հեռվում` անծայր տիեզերքի,

Ուր գիշերները աստղերն են ժպտում,

Ինչպես քարավան է ծովահարսերի,

Դանդաղ անցնում են կորչում երկնքում։

 

Ես էլ ուժ չունեմ քեզ որոնելու,

Հոգնել եմ արդեն, իմ սեր, իմ երազ,

Թեկուզ հող դառնամ, բայց էլի հլու

Կսպասեմ անվերջ, մինչև որ դու գաս։

 

ՊԱՊԸ

 

Աչքից հեռու, գյուղի տակ,

Կա հինավուրց մի տնակ,

Կարծես կտակ` այդ գյուղին`

Պապն է թողել հիշատակ։

 

Բազում երկար տարիներ,

Որդու ճամփին կսպասեր,

Որ պիտի գար` ծեր հորն ու

Ունեցվածքին տեր դառնար։

 

Ու երբ պապը մահացավ,

Գյուղի մարդիկ վշտացան,

Եվ թաղեցին իր բակում,

Ծեր ուռենու շվաքում։

 

Ու այդպես էլ չտեսավ

Պապը միակ իր որդուն,

Այրող կարոտը սրտում`

Հավերժացավ իր բակում։

 

Մինչև օրս տնակում,

Ճրագը էլ չի վառվում,

Կարծես շիրմին ու հին տան`

Սգող ուռին է պահապան։

 

                                   Կնոջս` Գոհարին

 

Ես շատ եմ խորհել քո բախտի համար,

Որ անկախ քեզնից` այլ հունով գնաց,

Որ քո պարտեզում սերմեր ցանեցի,

Փոխանակ ծլեր` հողի մեջ մնաց։

 

Ու այդ օրվանից ամեն ինչ փոխվեց,

Մեր միջև, ավաղ, նոր սահման դրվեց,

Որքան մոտեցա` այնքան հեռացար,

Կյանքը քեզ համար անիմաստ դարձավ։

 

Քո վշտի ծուխը միշտ ինձ է հասել,

Բայց հոգուդ ջահը ես վառ եմ տեսել,

Հղկված գոհարը միշտ է հմայում,-

Խոհեմ պահվածքդ այդ է վկայում։

 

 

      ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ,

     ՔԵԶ ԵՄ ՍՊԱՍՈՒՄ...

 

Երջանկություն, քեզ եմ սպասում,

Գեթ մի անգամ հայտնվիր կյանքում,

Հայտնվիր` թեկուզ վերջին շնչիս,

Որ բաժանեմ զավակներիս...

 

 



Կուզեի տեսնել այն հանգրվանը,

Ուր պիտի հավերժ խարիսխ ձգեի,

Եվ համբուրեի այն շիրմաքարը,

Որ ինձ հսկելով կմամռակալի,

Ու համբերությամբ սուրբ հողին թիկնած,

Դարեր կմնա շիրիմս գրկած։

 

 

ԹԵԿՈՒԶ ՄՈՏ Է ՄԱՀՍ ԱՐԴԵՆ...

 

Թեկուզ մոտ է մահս արդեն,

Բայց իմ սիրտը ահ չունի,

Քանզի անբիծ, անմեղ մարդուց

Ինքը` ահն էլ, շահ չունի։

 

Թե մի օր էլ մահս եկավ`

Կյանքս խլեց ու տարավ,

Կարապի պես վերջին անգամ

Հրաժեշտի երգս կերգեմ` կգնամ...

 

ԵՐԵՔ ՔՈՒՅՐԵՐ

 

Երեք քույրեր, երեք վարդեր,

Մեկը` հանգիստ, մեկն` անհամբեր,

Ինչպես բացվող լուսաբացին`

Երրորդը` ջինջ գարնան արև։

 

Ճերմակել են իմ քույրերը,

Կյանքը մաշող ժամանակից

Թառամել են իմ վարդերը,

Իրենց տանջող դարդ ու ցավից։

 

Բայց ապրում են ու արարում

Այս հանելուկ-հուր աշխարհում,

Ինչպես մայրը` իր զավակին,

Իմ այցին են հար սպասում։

 

 

ՊԱՏՄԵՔ ԻՆՁ, ՀՈՒՇԵՐ

 

Պատմեք ինձ, հուշեր, երազներն անցած,

Որ հեռացել են` մնացել անդարձ,

Պատմեք ինձ միայն ուրախ օրերից

Որ չբորբոքեք վշտերս նորից։

 

Ձեր խորհրդավոր սիրո մառանում

Որքա¯ն սերեր են հավիտյան լռում,

Պատմեք էջերից այն սիրո գրքի,

Որ խենթությունից տառապում էի։

 

Հուշեր իմ անցած, ես կգամ այցի,

Կրկին բացելու սիրտս ձեր առաջ,

Որ վիշտս գոնե մի թաղող լինի,

Կյանքին միշտ հաղթող մահվանից առաջ...

 

 

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐ

 

Մանկության ընկեր, հայտնվիր մի օր,

Տեսնեմ հայացքդ` տխուր ու մոլոր,

Նստենք կողք-կողքի ու պատմենք իրար,

Անցած-գնացած օրերից թշվառ։

 

Թե ինչպես էինք կիսում իրար հետ

Ձեռներս ընկած մի կտոր հացը,

Որ սովից լացող մանուկների հետ

Կիսում էինք մեր նոր կիսված հացը։

 

Որքան ենք իրար ծեծել ու լացել,

Ժպտացել նորից, միմյանց ներել,

Առուների հետ խաղընկեր դարձած,

Թրջված ու սոված տուն վերադարձել։

 

Ես չեմ մոռանա մեր մանկությունը,

Որ հեռանում է մեզնից անընդհատ,

Որքան հեռանում` այնքան քաղցրանում,

Մնալով կյանքում ինչպես ակնթարթ։

 

 

ԴԱՐԸ

 

Երբ լրացավ անցած դարը, մտավ գիրկը պատմության,

Հարցրին նրան հին դարերը, թե ինչ տվեց պատմության,

Ու լսելով պատասխանը`  իրար նային զարմացած,

Կարծես իրենք մեղքեր չունեն`  վերջինի մոտ սրբացան։

 

- Ժամանակը անմեղ է միշտ, մարդն է տերը երկրի,

Հարյուր տարին պատմության մեջ մի վայրկյանի պես կանցնի,

Մարդկանց անվերջ կռիվներն են, որ ժառանգվեց անցյալից,

Հիսուսն ինքն էլ մեղք չգործեց`  հեռանալով աշխարհից։

 

Այս նոր դարն էլ երազի պես իր նոր հունով ընթանա,

Մայր Արաքսը հայոց վշտից վաղուց լալով ընթանա,

Խելքս ինչպե՞ս հոգուս հաղթի, թեկուզ  ինքն էլ կիմանա,

Որ այս դարում սուրբ Մասիսը թուրքին գերի չի մնա։

 

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

 

Դուք`  իմ երջանիկ մանկության օրեր,

Ինձնից խռոված այդ ո՞ւր հեռացաք,

Մայրական սիրով ողողվա°ծ օրեր,

Ինչո՞ւ այսքան շուտ դուք ինձ մոռացաք։

 

Կուզեի ետ գալ` ձեզ նորից տեսնել,

Մոռանալ տարիք, ցավեր ու հոգսեր,

Կուզեի մորս տաք գրկում լինել,

Քնելուց առաջ ինձ հեքիաթ պատմեր։

 

Ես կգա°մ ձեզ մոտ, միայն թե կանչեք,

Կգամ մանկության օրրանը նորից,

Աստված իմ, կրկին մի նոր կյանք տուր ինձ`

Որ ապրեմ մանկութ օրերս նորից։

 

 

 

Դուք մեզ համար միշտ հանելուկ մնացիք,

Ու ձեր սիրով մեր սրտերը գերեցիք,

Ա¯խ, ինչի՞ց է, մեր սիրելի աղջիկներ,

Մենք ծերացանք,

Դուք վարդի պես միշտ գեղեցիկ մնացիք։

 

 

ԻՄ ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՑՉԻՆ

 

Գնացի դպրոց` մենակ, անսովոր,

Չգիտեմ ինչու` հուզված ու մոլոր,

Տեսա ուսուցչիս` ժպիտը դեմքին,

Թռան, չքացան հուզմունքս բոլոր։

 

Վաղուց են անցել մանկութ օրերը,

Բայց չեմ մոռացել քո սուրբ պատկերը,

Եվ այն տառերը, որ մենք սերտեցինք,

Մեզ ուղեկցում են, ինչպես քո սերը։

 

Եվ մեր հուշերում ընդմիշտ մնացին,

Պահը հանդիպման, առաջին ժամի,

Որ պիտի դառնար սկիզբը վերջի,

Դեպի կյանք տանող դժվար ճամփեքին։

 

 



Անտիրություն է հոգուս օջախում,

Ինքս գրում եմ, ինձնից ամաչում,

Որ հիսուն տարվա վաստակի տեր եմ,

Միջոցներ չունեմ` տունս նորոգեմ։

 

Ամեն ինչ կորավ, չքացավ անհետ,

Ինչպես ամպրոպից արձակված մի շիթ,

Կարծես չի եղել ու չկա մի ելք,

Անդարձ կողոպտեց ինչ որ մի չար ձեռք։

 

Ինչպես անձրևից հավաքված մի գետ,

Որ քշեց տարավ ամեն-ամեն ինչ,

Եվ հարյուր տարվա ամբողջ վաստակից

Մնաց չորս պատը հորս օջախից։

 

Ու մի տանջող ցավ` բռնած կոկորդից,

Ինքն էլ հուսահատ` հիշեցնում է ինձ.

-Ինչքան էլ գրես, բողոքես, խնդրես`

Հորդ օջախին դու արժանի չես...

 

ԵՐԿՈՒ ՔՈՒՅՐ ԾԱՌԵՐ

 

Ճամփից ոչ հեռու, բլրի գագաթին,

Երկու քույր ծառեր երկնքից իջել,

Ինչպես մի չքնաղ պատկեր երազուն`

Իմ հոգու խորքում հավերժ սրբացել։

 

Ամեն անցնելուց այդ ճանապարհով

Ուրախ մշուշ է պատում իմ հոգին,

Ու իմ հայրական վառ երազներով

Ժպտում կարոտով իմ կարապներին։

 

Ու հաճախ կանգնում, մտքիս մեջ խորհում`.

-Ինչո՞ւ եմ նրանց ես այսքան սիրում…

Եվ համոզվում եմ, իմ ու նրանց մեջ

Տիեզերական կապ կա մի անշեջ...

 

ԱՅՍ ԱՇԽԱՐՀԸ...

 

Այս աշխարհը ինչո՞ւ այսպես լճացավ,

Պատիվ, հարգանք մարդկանց մեջ չքացավ,

Իմաստունին մի կողմ թողած`  ճամփա տալով գողերին,

Ու ելնելով իրենց շահից`  կարգին պետի աթոռին։

 

Ես չտեսա, թե այդ մարդիկ  լույս գալիքի հույս բերին,

Սրտում լացող մի աղքատի մութ խրճիթին լույս բերին,

Բայց թե հարցնես վաղուց հայտնի հուշեր դարձած օրերից,

Հազար ու մի <<փոս>> են փորել, բայց <<խելոք>> են ամենքից։

 

ՀԱՐՈՒԹԻԿԻՍ

 

Հարութիկիս` թոռ-բալիկիս,

Տասը տարին լրացավ,

Շատ ուրախ ենք բոլորս,

Որ խելոք տղա դարձավ։

 

Ողջունում են պապն ու տատը

Եվ ցանկանում երկար կյանք,

Ու նվիրում հոբելյարին`

Մի գեղեցիկ ոսկե խաչ։

 

Թող լինի դա թալիսմանդ`

Ուր էլ լինես դու կյանքում,

Որ դառնա քո պահապանը`

Այս հանելուկ աշխարհում։

 

 

ՀԱՅՈՒՀԻ

 

                        Դստերս`  Գայանեին

 

Դու մի սլացիկ նազող բարդենի,

Նուրբ պարանոցով ճերմակ գեղանի,

Դու` կյանքի ակունք, լեզուն մայրենի,

Արևի պես ջերմ, չքնաղ հայուհի։

 

Դու արշալույսն ես հայոց աշխարհի,

Որ հայտնվեցիր դարերի խորքից,

Եվ քո առաջին տունը Մասիսի`ն

Աշխարհը տեսավ Նոյյան տապանից։

 

 

 

Գիտեմ, կայցելես իմ գերեզմանին,

Թարմ ծաղիկներով գարնան դաշտերի,

Կբերես քեզ հետ սեր ու ջերմություն,

Եվ կաթիլները քո արցունքների։

 

Վաղուց մոռացված իմ շիրմաքարին

Պատանեկության վալսը շշնջաս,

Քո նուրբ մատներով բարակ ձեռքերի`

Վարդեր կփռես ու կհեռանաս։

 

Ու մի պահ կզգաս, թե ինչ է մահը,

Որտեղից ոչ-ոք չի վերադառնում,

Վաղուց կորցրած քո սերն ու ցավը,

Հոգին երկնքում քեզ է սպասում։

 

 



Պատահում է` սիրտդ լալիս,

Արտասուք չի աչքից գալիս,

Պատահածից կուզես գոռալ,

Բերանիցդ ձայն չի գալիս։

 

Հարազատի մահից կծկված,

Մեզ խեղդում է վիշտն անիծված,

Մեռածներին հողին հանձնում,

Գալիս` մահվան հերթ ենք կանգնում։

 

Զարմանում է մարդն այս կյանքից,

Էս ինչպես է Տերն արարել,

Որ խելոք է մարդն ամենից,

Բայց չի կարող մահից փրկվել։

 

 

ԳԱՐՈՒՆ

 

Եկավ գարունն արևոտ,

Իր հետ բերեց տաք օրեր,

Ու բացվեցին դաշտերում

Հազար ու մի ծաղիկներ։

 

Ու մասրենին սեգ ժայռից

Իր բուրմունքն է տարածել,

Ծաղիկների նեկտարից

Մեղուներին բաժանել։

 

Իսկ կակաչները կարմիր,

Ծաղիկների մեջ ընտիր,

Ամաչում են ու տխրում,

Որ սև ունեն սրտերում։

 

 

ԸՆԿԵՐՆԵՐԻՍ

 

Շատերս իրար վաղուց չենք տեսել,

Ու լուր էլ չունենք մեկս մյուսից,

Իսկ ոմանք` վաղուց հրաժեշտ տվել,

Համբարձված հոգով երկինք են թռել։

 

Բայց սպասում եմ ձեզ վաղուց, տղերք,

Որ մի օր կգաք դուռս կբացեք,

Կողք-կողքի նստած` ինչպես եղբայրներ,

Անցած-գնացած կյանքը կհիշենք։

 

Կբացենք սեղան` արցախցուն վայել,

Կխմենք կենացն այն ընկերների,

Ովքեր հեռացել, ովքեր ծերացել,

Թեկուզ հիշելով` ընկեր մնացել։

 

 

<<ՆԱՀԱՏԱԿ>> ԲԵՐԴԸ

 

Երբ հայրական տուն եմ գալիս,

Ձեզ եմ նայում ես հեռվից,

Ասես գյուղին լույս եք սփռում

Բյուր դարերի խորքերից։

 

Ու կարոտած աչքերիս մեջ

Աշնան ցող է հայտնվում,

Հավերժազույգ իմ վեհ սարեր,

Առաջին սերս եմ հիշում...

 

 

ՀԱՎԱՏԸ ՍՐՏՈՒՄ

 

Իմ լիրիկական ոսկե քնարը,

Նվիրել է ինձ կարոտի մի վիշտ,

Իմ բիբլիական Արարատ սարը,

Արցունքն աչքերում  ինձ կանչում է միշտ։

 

Կանչում է կրկին մայր հայրենիքին,

Էն չքնաղ սարը հավատը սրտում,

Որ մոտեցել է պատմական պահը`

Միանալու իր Մայր Հայրենիքին։

 

ՔԻՉԸ ՄՆԱՑ

 

Շատը գնաց, քիչը մնաց,

Մեջս արդեն հուր չմնաց,

ժամանակը կյանքս մաշեց`

Էլ ապրելու հույս չմնաց։

 

Ինչ եղել է` անցավ գնաց,

Ինչպես մի ճիչ երազի մեջ,

Ու մինչ հիմա ղողանջում է

Իմ քնարի լարերի մեջ։

 

ԱՆՀԱՅՏԻ ՃԱՄՓԱՆ

 

                              Եղբորս`  Լևոն Հայրապետյանին

 

Վաղուց թողել ես քո հայրենիքը,

Խորթացել է նա կարծես քեզ համար,

Ինչպես անմոռաց առաջին սերը`

Գիտեմ` կանչում է նա քեզ անդադար։

 

Բայց դու ես ընտրել այդ ճանապարհը,

Անկոտրում կամքով հասել Մագադան,

Քո հեքիաթային երազների մեջ

Ընդմիշտ ընտրելով անհայտի ճամփան։

 

 

Հ Ո Ր Ս

 

                           Հորս՝ Բարխուդար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

 

Կես դար է անցել վերջին տեսնվելուց,

Հիշում եմ դեմքդ` հուզիչ, հաղթական,

Որ մի հայացքով` անհաղթ, տիրական,

Խոնարհվում էինք մենք քեզ գլխահակ։

 

Կարծես երկնքից Աստված էր իջել,

Եվ ինչ-որ մեկին պիտի պատժեր,

Մեղավորի պես մնում էինք լուռ,

Մինչև  որ ինքը թողներ հեռանար։

 

Մենք փոքր էինք ու չէինք հասկանում`

Ինչու էր հայրս այդքան վրդովված,

Թե վեճեր էին տանն հաճախ լինում`

Պատճառը սովն էր մեզ որդեգրած։

 

ԱՐԵՎԸ ՄԵՐ

 

Ամեն առավոտ, Աստծո կամքով,

Արևն է հայտնվում Հայոց աշխարհում,

Եվ իր շողերը երկրիս փռելով`

Բաժանում է մեզ լույս ու ջերմություն։

 

Իզուր չեն մարդիկ անտիկ աշխարհի

Աստծո փոխարեն` նրան խոնարհվել,

Եվ բարիքների համար շնորհված`

Սրբերի առաջ մատաղներ արել։

 

Պահենք, փայփայենք մոլորակը մեր,

Որ ժառանգել ենք, ու դարերն ի վեր`

Գալիք սերնդին, որպես թանկ նվեր`

Թողնենք մի չքնաղ ու պայծառ արև։

 

                                                12.04.09

 

 

ԺԱՌԱՆԳՎԱԾ ԱՇԽԱՐՀ

 

Ինչպիսի՞ աշխարհ թողին ժառանգված,

Մարդու շալակին դրին` երերաց,

Ու բեռան տակին տնքաց մեջքակոր,

Փոխանակ օգնեն, որ մեջքը դզի,

Մի սար էլ դրին, որ ձայնը խզվի։

Իրար խաբում են` ամենքից խաբված,

Նայում ես կողքից` մնում շվարած։

Կար կյանք ու հավատ, մարդիկ` անարատ,

Նոր դարը եկավ, մեր շուրջը պատեց,

Ու ժողովրդին կրկին ապտակեց,

Եվ հետքը նրա` երկար կմնա

Զարմանքից հուզված դեմքերի վրա։

 

Այդ ճի՞շտ են ասում` երբ խոսք է բացվում,

Թե ժողովուրդը երբեք չի խաբվում,

Մնում է` ասել այդ խաբված մարդկանց.

-Ձեր ընտրածներն են հաճախ սխալվում։

 

Ամեն ժողովուրդ, մի բուռ էլ լինի,

Իր ընտրածներին է միշտ արժանի։

 

 

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

 

Վաղուց հատել եմ հասարակածը

Ու մոտենում եմ իմացյալ մահին,

Սիրտս, զգալով վերահաս պահը,

Հայտնում է հուզող վտանգի մասին։

 

- Բազում տարիներ միասին ապրում,

Բայց իմ վիճակով չես հետաքրքրվում,

Կարծես վաղուց ես խռովել ինձնից,

Ու բեզարել ես համատեղ կյանքից։

 

Դու չնեղանաս, որ նախատում եմ,

Քիչ է մնացել հրաժեշտ տալու,

Ես էլ, քեզ նման, արդեն հոգնել եմ,

Եվ ի վիճակի չեմ լավ աշխատելու։

 

Գոնե մի անգամ հարցնեիր կյանքում,

Թե միամիտիս ոնց ես հանդուրժում,

Որ պատուհասից, չգիտես ինչու,

Տանում է իզուր քարեքար գցում։

 

Ծխում էիր միշտ ու գինի խմում,

Ես հազիվ էի ինքս ինձ զսպում,

Արդյունքում պարզվեց, որ ճնշում ունես,

Ու ձևացնում ես, թե բողոք չունես։

 

Չի եղել կյանքում գոնե մի անգամ

Արձակուրդ գնաս` հանգստանալու,

Գնում էիր գյուղ` այգի մշակում,

Կամ` հարազատի տուն կառուցելու։

 

Դեռ չէիր ծնվել, որ քեզ հետ էի,

Փոքրիկ կրծքիդ տակ բաբախում էի,

Ու մորդ տված մի բուռ արյունով

Քո երակներով քեզ սնում էի։

 

Քո ամբողջ կյանքում ինչ որ տեսել ես,

Փափագել, ատել կամ արհամարհել,

Հաճախ դառնացել կամ ուրախացել,

Թեկուզև սիրել` ես եմ նվիրել։

 

Ես եմ առաջին սերը տվել քեզ,

Որ ծնվեց, ավաղ, իմ փոքրիկ սրտում,

Ու մինչև հիմա, ուրվականի պես,

Հայտնվում է հաճախ հուշերիդ գրկում։

 

Երբ մի կարևոր հարց էիր լուծում,

Դու սրտիդ ձայնին երբեք չես լսել,

Դրա համար էլ, քո ապրած կյանքում,

Քո կամքից անկախ դժբախտ ես եղել։

 

Բայց չվհատվես, և` խնայիր քեզ,

Էլի պատրաստ եմ քեզ ծառայելու,

Միայն իմ հարցում եղիր մի քիչ հեզ,

Չէ որ էլ կրկին աշխարհ չենք գալու։

 

- Քեզ եմ պարտական իմ ողջ էությամբ,

Համատեղ կյանքում` մեզ պարտադրված,

Ուրախ ու տխուր օրերին անցած`

Համարել եմ քեզ անձիս սրբություն։

 

Երբ հետ եմ նայում ես իմ անցյալին,

Հուշերիս գիրկը սլանում դարձյալ,

Բացվում է իմ դեմ աշխարհ մի ուրիշ,

Որի մեջ կա և ինչ որ քաղցր ցավ։

 

Բայց չեմ ամաչում ես իմ անցյալից,

Քանզի չեմ ելել շալակն աշխարհի,

Ոչ էլ ընկել եմ փառքի ետևից,

Այլ`  եղել եմ միշտ մշակն իմ երկրի։

 

Ու քանի տարի միասին ապրել`

Կես խոսքից ենք միշտ իրար հասկացել,

Ինչ որ եղել է, կամ պիտի լինի,

Լավ է` ուղարկենք գիրկը անցյալի։

 

Մնացել է մեզ մի քանի տարի,

Որ փչենք վերջին շունչը մեր կյանքի,

Մահապսակիս թափորը մի օր,

Կբռնի ճամփան դեպի տունս նոր։

 

Ու էս աշխարհում ոչինչ չի փոխվի,

Կյանքը իր հունով կրկին կընթանա,

Դարերի փոշին վրաս կնստի,

Շիրիմիս վրա քար էլ չի մնա։

 

 

ՀԱՑԻ ՄԻ ՓՇՐԱՆՔ

 

Ձեզ պատահե՞լ է գոնե մի անգամ,

Երբ հաց եք տեսնում` աչքներդ փակում

Ու սովից ցավող ձեր ստամոքսի,

Անկախ ձեզանից, գերին եք դառնում։

 

Ով դա չի տեսել, թող և չտեսնի,

Բայց լավ իմանա, որ կես դար առաջ

Հացի մի փշրանք մի կյանք էր փրկում,

Իսկ հիմա ամբողջ հացն են շպրտում։

 

 

ԵՍ ԷԼ ԿԵՐԹԱՄ ԷՍ ԱՇԽԱՐՀԻՑ...

 

Ես էլ կերթամ էս աշխարհից`

Խոհերիս հետ ցավոտ,

Էլ ինչի՞ս է կյանքը հավետ

Առանց սիրո, առանց կարոտ։

 

Լավ չէ՞ր` մի բուռ հող դառնայի,

Ու նրա մեջ մի սերմ ծլեր,

Այդ ծիլի հետ աշխարհ գայի,

Շիվս երկինք լուռ երկարվեր։

 

 

ԵՎ ԿԱՐՈՏՆ Է ՍԵՐ ԾՆՈՒՄ…

 

 

Ափսոսանք կա հոգուս խորքում կարեկից,

Կուզեմ տեսնել քո աչքերը կարոտից,

Բաժանել են տարիները երկուսիս,

Բայց ծփում է սիրտս սիրո ալիքից։

 

Եվ հուսաբեկ բախտի մշուշն իմ հոգում`

Անուրջներիս մեջ միշտ  քեզ եմ որոնում,

Թեկուզ սիրուդ վաղուց ծարավ մնացի,

Բայց իմացա` և կարոտն է սեր ծնում...

 

ՄԻԱԿ ԵՐԳԻՉՆ ԵՄ...

 

Ես իմ մեծ տոհմի երգիչն եմ միակ,

Որ վարակված եմ անանուն ցավով,

Եվ տանջում է ինձ այն տագնապը մեծ,

Որ ցրվեց տոհմս այս աշխարհով մեկ։

Եվ հեռանալով` իրար մոռացան,

Եվ մոռանալով` զուտ օտարացան

Երբ ո°չ տխրության, ո°չ ուրախության

Ներկա չեն` հապա էլ ինչ ազգական։

Երբ հեռանում են տոհմի մեծերը`

Կտակ են թողնում արյան կապերը

Իսկ նոր սերունդը  կարծես օրեցօր

Արյան կանչի դեմ մնում է… անզոր։

 

ՄՇՈՒՇՈՏ ՄԻ ՕՐ…

 

Մշուշոտ մի օր, հուսահատ, անզոր,

Գերի կդառնամ ցավերիս տանջող,

Ու կմոտենա իմ մահն ինձ անտես,

Կհալվեմ դանդաղ այրվող մոմի պես։

 

Իսկ հրաժեշտի վերջին վարկյանին,

Կուզեի տեսնել իմ զավակներին,

Սնարին հանգչող աղոտ աչքերով,

Կարոտով նայեմ, ժպիտով վերջին։

 

ԵՐԲ ԱՇԽԱՐՀ ԵԿԱ

 

Երբ աշխարհ եկա առաջին ճիչով,

Որ դարձավ ճիչը մի նոր ծննդի,

Ձայնս տիեզերք երևի հասավ,

Աստված նոր միայն տվեց ինձ հոգի։

 

Տարիներ անցան, երբ հասակ առա,

Թերթեցի կյանքի դառը էջերը,

Խոր ափսոսանքով ես նոր հասկացա՝

Մենք չենք սեփական մեր հոգու տերը։

 

 

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

 

Երբ մանկությանս աղբյուրն եմ տեսնում,

Թվում է՝ վաղուց սպասում է ինձ,

Մարող կարոտս իսկույն արթնանում,

Մանկութ օրերն են կրկին տանում ինձ։

 

Ու խոնարհվում եմ ես նրա առաջ,

Ծարավս առնում պաղ զուլալ ջրից,

Ինչպես մանուկը քնելուց առաջ

Մոր երգը լսի նրա ակունքից։

                                                 17.04.10

 

 

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԵՐ

 

Երբ որ մանկության մասին եմ խոսում,

Հայրական տունն եմ հիշում Ճարտարում,

Որ ուներ փարթամ խաղողի այգի,

Ինչը շատերն էին գյուղում երազում։

Հիշում եմ հորս՝ այգում կռացած

Հողն էր մշակում կամ ծառեր տնկում,

Մեզ էլ հորդորում, որ միշտ ջուր բերենք,

Ամառվա շոգին ծառերը ջրենք։

Հայրս տնկել էր ինը թթենի

Ու նրանց կոչել մեր անուններով,

Եվ մինչև հիմա այդքան ծառերից

Թթենիս մնաց, կարծես իմ բախտից։

Գերեզմանոցն եմ հիշում այգուն կից,

Որ մեր խաղալու տեղն էր համարվում,

Ուր կանայք էին գալիս բախտակից,

Ու շիրիմներին սուգ էին ասում։

Հինգ զավակ կորցրած մորս էին տանում,

Որ շիրիմներին սուգ պիտի ասեր,

Քանզի գիտեին՝ այնքան էր լացել,

Որ մայրս սուգի աշուղ էր դարձել։

Հիշում եմ՝ մորս մի անգամ հարցրի.

-Ինչո՞ւ են մարդիկ այսպես մահանում,

Գուցե հա՞ց չունեն, սոված են մնում,

Իսկ ինչի՞ց է, որ ես չեմ մահանում։

Մայրս ինձ գրկեց ու կրծքին սեղմեց,

Նայեց աչքերիս ու խոր հառաչեց,

Արցունքն աչքերին խոնարհվեց վրաս,

Ու խեղդված ձայնով հազիվ շշնջաց.

-Երբեք չեմ թողնի, որ դու մահանաս…

Արի, քեզ հաց տամ՝ սոված չմնաս։

Ձեռքիս ափի չափ ինձ հաց էր տալիս,

Ուրախ վազելով դուրս էի գալիս՝

Կրկին երջանիկ մի պահ ապրելով,

Որ ուտում էինք մենք ընկերներով։

Եվ երբ մի անգամ չուզեցի կիսել,

Մեկը նրանցից կարծես խիզախեց,

Թախծոտ աչքերով մոտեցավ՝ դիմեց.

-Եթե չամաչեմ, քեզնից հաց կուզեմ։

Այնքան հուզիչ էր ու ողորմելի,

Որ եղած հացը բռան մեջ դրի։

Հայրերը իմ շատ խաղընկերների

Դեռ կռվում էին հայրենականում։

Երբ փոստատարն էր շեմին հայտնվում,

Սարսափով էին նրան մոտենում։

Հիշում եմ, երբ որ ծվվոց լսեցի,

Վազելով հասա մորս այլայլված,

Երկու ձեռքերով նա կուրծքն էր ծեծում՝

Հայացքը դեպի երկինք կարկառած։

Անիծում էր նա պատերազմը չար,

Որ խլեց կյանքը անդրանիկ որդու,

Եվ ամբողջ կյանքում սգում էր մահը

Իր նահատակված անշիրիմ որդու։

Առաջին անգամ, իմ անփորձ կյանքում,

Արցունքներ տեսա հորս աչքերում,

Եվ տեսա, թե ոնց վշտից անողոք

Իմ խանում մայրը մի բուռ էր դառնում։

                                                        25.03.10

 

ՀՈՒՇԵՐ

 

Իմ մշուշոտ հուշերում

Դու հաճախ ես հայտնվում,

Ու քո թախծոտ ժպիտով

Ինձ մանկություն ես տանում։

 

Գուցե դու էլ ինձ նման

Նույն բախտն ես ունեցել,

Լույս ես տվել ուրիշի,

Եվ առանց հույս մնացել։

 

Բայց թվում է, որ մի օր

Կհանդիպենք մենք իրար,

Ու մեր կյանքի էջերից

Կանհետանան վիշտ ու ցավ։

 
                                                 25.06.10

 

ՀՈԳԻՍ, ԱՐԹՆԱՑԻ՛Ր

 

Հոգի՛ս, արթնացի՛ր ու թռիր գնա՛,

Ի՞նչ ես տանջում քեզ, լուռ ու անխնա,

Ես եմ մնալու այս բիրտ աշխարհում,

Դու վեր բարձրացիր, երկնքում մնա։

 

Հոգիներն, իրավ, հավերժ ապրում են,

Աստված այդպես է կամեցել նրանց,

Մարմիններն են, որ հողում փտում են,

Անարդարացի օրենքով պատժված։

 

Դարերը մարդկանց հետքերն են մաքրում,

Մաշում, ավերում շիրմաքարերը,

Հոգի՛ս, պահիր հուշերս, թեկուզ՝ երկնքում,

Գիտեմ, հավերժ եմ ամեն ինչ կորցնում։

 
                                                                  05.07.10

 

ՊԱՐՏՔ ԵՆՔ ՄԱՅՐ ՀՈՂԻՆ

 

Մենք բոլորս պարտք ենք մայր հողին

Մեր ծննդյան հենց առաջին օրից,

Ու ենթարկվելով <<տիրող>> օրենքին՝

Զուտ հող ենք դառնում՝ զրկվելով կյանքից։

 

ԻՄ ՅՈԹ ԹՈՌՆԵՐԻՆ

 

Բախտը իմ սիրտը յոթն անգամ բացեց,

Երբ ծիածանի յոթ գույն պարգևեց,

Երեք ծիրանիս ծաղկեցին հերթով,

Պտուղներ տվին՝ քաղցր, բուրմունքով։

Ես նրանց համը այնժամ զգացի,

Երբ յոթը թոռով սեղան նստեցի։

 

ԱՆԹԵՂԱԾ ԿԱՐՈՏ

 

Անթեղել եմ իմ կարոտը սրտիս մեջ,

Վաղուց սառած իմ հուշերի մոխրի տակ,

Խեղդել նրան արցունքներիս ծովի մեջ,

Բայց էլի նա բաբախում է սրտիս տակ։

 

 

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԸ

 

Մանկությունս է անդադար կանչում,

Որ ապրում է միշտ երազներիս մեջ,

Տարիքս արդեն աշուն է ապրում,

Ուզում է տեսնել իրեն գրկիս մեջ։

 

Բայց ինչպե±ս տեսնի ինձ այդքան հեռվից,

Երբ չունի նախկին աչքերը մանկան,

Որ հայրական տան ամեն անկյունից

Թախծոտ հայացքով նայում էր միշտ ինձ։

 

Եվ թվում է, թե երբ մենք հանդիպենք,

Վեց ու կես տասնյակ տարվա բարձունքից,

Ինձ չի բաժանի ժամանակն երբեք

Հուշերում անմար իմ մանկությունից։

 

                                                          31.03.10

 

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ...

 

Ողջունում եմ ձեզ, հայրենակիցներ,

Իմ երգիծական այս նոր տողերով,

Չեմ ուզում ձեզ պես լինել անտարբեր,

Երբ զարմանալու առիթ ունենք դեռ։

 

Ինչպես տեսնում եք, մեր խանութներում

Ամեն նոր տարի գներն են աճում,

Կարծես վերևում մեկը անողոք

Չի ուզում լսել և ոչ մի բողոք։

 

Եթե բողոքես հերթական անգամ՝

Ինչն է պատճառը այս նոր թանկության,

Կարծես արտերկրից են գներ որոշում,

Իսկ նրանք նստած <<աթոռ>> են քշում։

 

                                                                   04.04.10

 

 

 

ՄԱՅԻՍՅԱՆ ՎԱՐԴԵՐ

 

Դուք՝ մայիսյան թովիչ վարդեր,

Սրտեր հուզող հոգու զարդեր,

Որքան շուտ եք կանանց գերում,

Կարծես ձեզնից սեր է ծորում։

 

Ձեր բուրմունքով, քնքուշ տեսքով,

Հազար ու մի սիրտ եք բացել,

Ծաղիկների ծով աշխարհում

Բախտի, սիրո հույս եք դարձել։

 

Որքան հմայք, երազանք կա,

Ձեր նորաբաց կոկոններում,

Որ մեր կանանց նվիրելիս,

Ինչպես վարդեր մեզ են բացվում։

 

                                                         17.06.10

 

 

ՄՈՐՄՈՔ ՈՒՆԵՄ ՍՐՏԻՍ ԽՈՐՔՈՒՄ

 

Մորմոք ունեմ սրտիս խորքում,

Գուցե վախի կամ ամոթի,

Կասկածելի զգացմունքի,

Թե հուսախաբ իմ լուռ մտքի,

Որ մաշում է սիրտս անվերջ

Պարտադրված կարծես մի վիշտ։

Ու պարտվածի զգացումով,

Ամաչելով ինքս ինձնից

Հետզհետե հեռանում եմ

Ասպարեզի մեծ հարթակից։

Կղզիացած հուշերիս մեջ,

Կասկածների, որ չունեն վերջ,

Մոտենում եմ մայրամուտիս,

Ապրողներին օրհնանք տալով,

Ու ողբալով նախնիներիս՝

Թաղման վայրս չիմանալով։

 

                                               05.10.10



ՄԱՅՐ ԵՄ ԵՐԱԶՈՒՄ

 

 

 

Երբ որ կորցրել եմ իմ ծնողներին, 

Հայտնվել ծերության տհաճ ճամփեքին,

Իմ հուշերի մեջ հաճախ մանկանում

Ու թաց աչքերով մայր եմ երազում։

 

 

 

                                                                       01.10.10

 

 

 

 ԱՆԿԱՏԱՐ ՀՈՒՅՍ ՉՄՆԱ


Վառեմ լույսս, ցանեմ հույսս,
Ու վշտերս քամուն տամ,
Բացեմ հոգիս, հանեմ խիղճս,
Ողջ մարդկության բաժին տամ։

Բացեմ սիրտս, առնեմ գիրկս
Ողջ աշխարհը կարեկից,
Սերս ցանեմ
, մահը վանեմ,
Այս սուրբ ու նուրբ աշխարհից։

18.03.2013 թ. 

 ԵՎ Ո՞Վ ԿԱՂՈԹԻ, ԱՍԵ՛Ք, ԻՆՁ ՀԱՄԱՐ

 

Եվ ո՞վ կաղոթի, ասե՛ք, ինձ համար,

Որ այս տարիքում մենակ չմնամ,

Իմ կիսատ-պռատ գունատ հույսերով

Ծերության ափին տրտում, մենավոր։

 

Եվ ի՞նչ առիթով ես ուրախանամ,

Տագնապով ապրած՝ չապրածիս համա՞ր,

Ես չեմ ափսոսում, քանզի աշխարհում

Կա և դրանից առավել մի բան՝

Երբ մեռնում է մարդ,  գնում այլ աշխարհ՝

Դագաղի վրա թափվող այդ հողը
Ոչ թե արժեքն է այդ հանգուցյալի,

Այլ իր վաստակի ու տառապանքի,

Այս հողին թափած  արյան արժեքի

Խեղճ մնացորդն է։

Իր արյան գնով ազատված հողը

Մի՜ վաճառեք դուք դիակի վրա։

Դա այն ճամփան է, որ պիտի գնանք

Բոլո՜րս հերթով, երբեմն էլ՝ անհերթ...

 

03.05.2014 թ. 


ԱՐԻՍ ԱՐՍԵՆԻԻՆ

 

 

 

Անկասկած` դու տաղանդ ես մեծ,

Կյանքում եղել ես միշտ անկեղծ,

Աստված մանկուց պարգևեց քեզ 

Դառնալ գրող ու բանաստեղծ։

 

 

 

                                                01.12.10

 

 

ԻՄ ՔՆԱՐԸ

 

                 Մի վերջին պատգամ` զավակներիս

 

Իմ  քնարն է, որ արթնացավ,

Հոգուս անհուն խորքի մեջ,

Ու չորս կողմս ծաղկունք դարձավ,

Որ ես ապրեմ սիրո մեջ։

 

Ձեզ եմ թողնում այս գրքույկը

Եվ իմ սիրտը հավիտյան,

Որ ձեր սրտում որբ չմնան

Իմ հուշերը հայրական...

 


Комментарии (1)Просмотров (5015)


Robert 12.10.2022 в 19:15

Fjallraven Kanken New Jordan Cheap Nike Shoes Air Force Ones Jordan 12s Adidas Yeezy Nike Air Max 270 Nike Clearance Jordan Shoes For Kids Louboutin Heels Pandora Canada Air Max 98 Nike Zoom Red Bottom Shoes For Women Jordan Retro 13 Nike Sneakers Pandora Jewelry Ferragamo Shoes Nike Shoes For Women Pandora Rings Air Jordan Retro Air Max 95 Yeezy Shoes Nike Air Mag Nike Jordan 1s Kyrie Irving Sneakers Jordan 4s Nike React Jordan Retro 7 Nike Air Max 270 Men Nike Cortez Women Christian Louboutin Shoes Christian Louboutin Shoes Outlet Asics Outlet Air Jordan Shoes New Nike Shoes Pandora UK Pandora Charms Jordan 8 Nike Shoes Black Friday Air Jordan 14 Ferragamo Belt Nike Air Presto Jordans Shoes Kyrie Shoes Pandora Bracelets Nike Clearance Outlet Nike Running Shoes For Men Yeezy Boost Lebron 16 Shoes Christian Louboutin Shoes UK Air Jordan 3 Jordans Shoes Men Jordan Retro 10 Air Max 720 Moncler Outlet Nike Store Online Pandora Jewelry Red Bottoms Pandora Necklaces For Women Nike Clearance Store Nike Shoes Nike Outlet Nike Air Max 98 Nike Factory Store Red Bottom Heels Christian Louboutin Outlet Cheap Basketball Shoes Nike Metcons Nike Outlet Online Nike Sneakers For Men Nike Outlet Lebron Shoes Adidas NMD Air Force 1 Ultra Boost Adidas Nike Outlet Online Nike Free Golden Goose Nike Outlet Store Air Jordan 9 Nike Air Jordan 1 Jordan 11 Gamma Blue Nike Store Nike Shoes For Men Yeezys Boost 350 V2 Nike Outlet Store Pandora Christian Louboutin Shoes Mens Nike Shoes Pandora Bracelets For Women Kids Nike Shoes Pandora Rings Jordans Sneakers Lebrons Shoes Nike Sneakers Nike Air Max 97 Nike Outlet Store Nike Air Zoom Pegasus 36 Ultraboost Air Jordans 1 Nike Sneakers Air Jordan Retro Pandora Jewelry Official Site Louboutin Shoes Nike Shoes Jordans Jordan Retro 13 Nike Outlet Store Nike Outlet Store Online Nike Huarache Air Jordan 11 Retro Jordan Retro 4 Jordan Sneakers Pandora Earrings Air Max 2019 Nike Factory Kanken Backpack Nike Air Jordan Kevin Durant Shoes Nike Shoes For Men Christian Louboutin Shoes Outlet Pandora Rings Cheap Yeezys Vans Shoes Pandora Jewelry Jordan 1 Mids Nike Outlet Store New Nike Nike Basketball Shoes Jordan Shoes Lebron 16 Adidas NMD Nike Air Force 1 AJ1 Nike Factory Outlet Store Online Red Bottom Shoes For Women New Nike Jordan 1 High Nike Clearance Jordan 11 Retro Air Max 720 Christian Louboutin Heels Nike Running Shoes For Men Yeezy 500 Pandora Charms Jewelry Valentino Nike Factory Outlet Store Online Pandora Bracelet Yeezy Pandora Charms Jordan 1 UNC Pandora Charms Sale Clearance Nike Cortez Yeezy Adidas Sneakers Nike Outlet Store Online Shopping Nike Air Force Jordan Retro 32

Зарегистрированный
Анонимно